Աիդա Կարապետյան

Աիդա Կարապետյան (Երևան)

Աիդա Կարապետյան (Երևան)

Առաջին անգամ մայրացա վերջերս. Միշելս ծնվեց 2016 թվականի ապրիլի 5-ին, 51 սմ հասակով, 3560 գ քաշով, առավոտյան ժամը 9”40: Աստծո կամքով այդ օրս սկսվեց հրաշքով: Վերակենդանացման սենյակում կարծես մի ուրիշ կյանք էր, ձախ կողմից          մեծ լուսամուտ էր՝ Արարատի ամենամոտ ու արևաշող տեսարանով, աջ կողմից դուռն էր, որից աչքս չէի կտրվում. անհամբեր սպասում էի, թե բալիկիս երբ են ինձ մոտ բերելու, նրան դեռ չէի տեսել: Դստերս հետ առաջին հանդիպումս եղավ ծնվելուց երկու ժամ հետո, երբ ներս մտավ ժպտերես բուժքույրը, վարդագույն սավանով բարուրած նորածինը գիրկը: Շունչս պահել էի, մի պահ ինձ թվաց մոլորակը կանգ է առել ու ամեն ձայն լռել է. լսում եմ միայն նորածնիս չփչփացնելը: Երեխայիս կրծքիս մոտեցնելը, բռնելն ու ախորժակով միանգամից ուտելը կես վարկյան տևեց. միայն այդ պահին հասկացա, որ մայր եմ, այն էլ կերակրող մայր, այդ զգացումը անբացատրելի է և անհամեմատելի: Բարուրի մեջ միայն տեսնում եմ փոքրիկիս կիսաուռած, քերված, ճանկռոտած ու կարմրած դեմքը. տեսարանից սարսափած հարցրեցի բուժքրոջը, թե ինչու է բալիկս ճանկռոտված: Պատասխանեց, թե երեխանշատ սոված է եղել, մատերն է կերել ու իրեն ճանկռոտել:Այդ մի նախադասությունից սառեցի, ամբողջ մարմինս սկսեց ցավել, ինչպես թե սոված է… մայր լինելուս առաջին պարտականությունս էի վայելում շատ երկար: Երեխաս երկար ուտում էր, դե  բոլորս էլ գիտենք, որ առաջին օրերին կաթ չկա, խեժն է, այն էլ շատ քիչ հատկապես՝ կեսարյան հատումից հետո, բայց դա չէր խանգարում իմ բալիկին կրծքիս ամուր կպած մնալուն: Ես հասկացա,որ նորածինը մոր կրծքի համից ու հոտից էլ է կշտանում, դա մի անբացատրելի կապ է մոր ու մանկիկի միջև, այլ կերպ չէր էլ կարող լինել. կրծքով կերակրելու բերկրանքը երկուստեք վայելում էինք ես ու իմ աղջիկը: Շատ ուրախ եմ ու ինքս ինձնից գոհ, որ առանց ինձ խնայելու գիշեր, թե ցերեկ մայրական կաթով եմ սնում փոքրիկիս: