Անուշ Պողոսյան

Անուշ  Պողոսյան (Երևան)

Անուշ  Պողոսյան (Երևան)

Բարև: Իմ անունը Անուշ է, ես 30 տարեկան եմ: Ունեմ մեկ տղա, ով արդեն 2,4 տարեկան է և մինչև հիմա կուրծք է ուտում: Երբեք չէի մտածի, որ այսքան երկար կարող եմ կերակրել կրծքով: Երբ փոքր էի մայրս պատմում էր, որ չուներ կրծքի կաթ և այդ պատճառով ես կրծքի կաթ չեմ ստացել, որը միշտ ինձ անհանգստացրել է, միշտ մտածել եմ, որ ինչու է մայրս որոշել, որ չունի կրծքի կաթ, որ ինչու տարիներ առաջ համարվում էր, որ կրծքի կաթը այնքան էլ անհրաժեշտ չի երեխաներին. այս և շատ այլ հարցեր միշտ անհանգստացրել են ինձ և ես միշտ մտածել եմ, որ երբ երեխա ունենամ, որքան էլ դժվար լինի, պետք է հաղթահարեմ բոլոր դժվարությունները և կերակրեմ երեխայիս կրծքի կաթով, գոնե մի քանի ամիս: Երբ երեխաս ծնվեց, բոլորն ինձ, չգիտես ինչու, համոզում էին, որ ես կաթ չունեմ, յուրաքանչյուր փոքր կամ մեծ դժվարության ժամանակ բոլորը, այդ թվում և մանկաբույժներն,  առաջարկում էին դադարեցնեմ կրծքով կերակրումս և անցնեմ կաթնախառնուրդների օգտագործմանը: Հարազատներս անգամ մեղադրում էին ինձ իմ վատ մայր լինելու հարցում, շատ անգամ տանը թաքուն էի կերակրում երեխայիս իբրև թե հանցագործություն կատարելիս լինեի, դժվարությամբ բայց շարունակում էի կերակրել երեխայիս: Բառերով երբեք չեմ կարողանա նկարագրել ինչ բերկրանք և հաճույք ենք զգում ես և տղաս այդ ընթացքում: Այն սիրո և ջերմությամբ լի հայացքը, որն ուղղում է դեպի ինձ կրծքով կերակրման ընթացքում, այն իր համով լեզվով հնչեցրած՝ «մամա ծիծի», ամեն բան մոռանալ է տալիս ինձ այս կյանքում, կարծես ինձ  շնորհակալություն է հայտնի դրա համար: Կրծքով կերակրումը ոչ միայն ֆիզիոլոգիական պահանջ է, այլև հոգեբանական՝ իրար գրկելու, գուրգուրելու, իրարից կարոտն առնելու միջոց: Շատ խնդիրներ են առաջ եկել այս ընթացքում թե առողջական, թե այլ տեսակի, բայց ամեն բան հաղթահարելի է, եթե կա ցանկություն և այդ ցանկությունը հստակ է: Երեխաս 2,4 տարեկան է, բայց դեռ միտք էլ չկա դադարեցնել կրծքով կերակրումը: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն կերակրելու, երբեք չպետք է  կասկածեն  , երբեք չպետք է լսեն կողքիններին: Լսեք Ձեզ և Ձեր ներքին ձայնը ձեզ կհուշի ինչպես վարվել և ինչ անել յուրաքանչյուր իրավիճակում: