Արփինե Քեշիշյան

Արփինե Քեշիշյան (Լոռու մարզ)

Արփինե Քեշիշյան (Լոռու մարզ, ք. Վանաձոր)

Բարև ձեզ, անունս Արփինե է, 24 տարեկան եմ և ունեմ մի հրաշք բալիկ։ Բալիկս արդեն 1 տարեկան 9 ամսական է, կրծքով կերակրել եմ մինչև 1,6 տարեկանը, ցավոք այդքան կարողացա։ Անչափ կարևորում եմ կրծքով կերակրումը մանկան առողջության համար, չէ՞ որ կյանքի առային 2 տարում է ձևավորվում փոքրիկի օրգանիզմը և մայրն ամեն ինչ պիտի անի, որ ունենա առողջ բալիկ։ Կրծքով կերակրելու հոգեբանական և ֆիզիոլոգիական կողմին գումարվում է բավարարվածության զգացումը՝ սննդի աղբյուր դառնալու և կենդանի օրգանիզմ աճեցնելու գործում։ Հղիության ընթացքը սկիզբն է նոր մարդ ձևավորելուն։ Ինը ամիսների ընթացքում մայրը հոգեբանորեն կապվում է մանկան հետ, դառնում նրա շարունակությունը։ Ծննդաբերությունից հետո կրծքով կերակրումը այլաբանորեն դառնում է ներարգանդային կապի շարունակություն մոր և մանկան միջև։ Այն զգացումը, որ դու կարող ես լույս աշխարհ բերել մեծ աչքերով և փամփլիկ տոտիկներով մի հրաշք և քո վրա է դրված նրան սննդով ապահովելու խնդիրը (այնպիսի սննդով, որ չես կարող գնել սուպերմարկետում), դու դառնում ես կրկնակի պատասխանատու նրա կյանքի, առողջության, ապագայի համար։ Հարկ է նշել, որ առանձնակի հաճույքով եմ կերակրել բալիկիս, և  բերկրանք ապրել, երբ կրծքիս վրա քնել է, բավարարելով քաղցը։ Ես դառնում եի ուժեղ, հանգիստ և բալիկիս համար ապահով էի, չէ՞ որ հենց կրծքով կերակրման շնորհիվ է, որ տղաս հաղթահարել է այնպիսի լուրջ հիվանդություններ, որոնցից է բրոնխիտը (բժիշկն այդպես էլ ասել է)։ Ճիշտ է, եղել են պահեր, երբ ինձ հորդորում էին դադարել կրծքով կերակրելը՝ պարզաբանելով, որ եթե երեխան շատ է լացում, ուրեմն չի կշտանում։ Խոստովանում եմ, եղել են նաև բարդություններ ընտանիքում, վեճեր սկեսրոջս հետ։ Երեկոյան նայելով օրօրոցում քնած հրաշքիս մեղքի զգացում եի ունենում․մի գուցե իմ պատճառով նա սոված էր մնում։ Որոշ ժամանակ անց սկեսրոջս հորդորներով սկսեցի բալիկիս հավելյալ կաթնախառնուրդ  տալ, ճիշտ է չէի ուզում, բայց ծանր էր գիտակցել, որ բալիկս սովից է լացում։ Հերթական կոնսուլտացիայի ժամանակ պարզվեց, որ պետք չէր արհեստական կաթ տալ, բալիկս նորմայից շատ էր գիրացել։ Կրծքով կերակրման ընթացքում եղավ նաև այն, ինչից ինձ շատ էին վախեցրել՝ կուրծքս ճաքել էր, վերքեր էին առաջացել, ամեն կերակրման ժամանակ ամուր բռնում էի ամուսնուս ձեռքն ու սեղմում ատամներս, շատ ցավոտ էր, սակայն ամուսնուս օգնությամբ կարողացանք հաղթահարել և  այդ փորձությունը։ Բացառապես կրծքի կաթ տվել եմ մինչ 6 ամիսը, հետո կաթին զուգահեռ նաև հավելյալ սնունդ։ Հավատացնում եմ ձեզ, պետք չէ հուսահատվել․ հնարավորինս շատ և շուտ-շուտ մոտեցրեք կուրծքը երեխային։ Այն որքան արագ դատարկվում է, այնքան արագ էլ լցվում է։ Հավատացեք, որ դուք եք ձեր երեխայի սննդի աղբյուրը։ Կրծքով կերակրումը հարմար է ինչպես գիշերները, այնպես էլ հյուր գնալիս։ Բալիկիս, ճիշտ է, այժմ չեմ կարողանում կրծքի կաթ տալ, սակայն մինչև հիմա նրա ընդունած մայրական կաթը, կարծում եմ բավարար է ամուր օրգանիզմ ունենալուն․․․․չէ որ կրծքով կերակրումը մայրիկների հաղթանակն է: