Իննա Ներսեսյան

Իննա Ներսեսյան (Արմավիրի մարզ)

Իննա Ներսեսյան (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին)

Դուստրս՝ Սոֆին, մի քանի ամսից կդառնա հինգ տարեկան: Երեխայիս կրծքով կերակրել եմ  մեկ ու կես տարի, իսկ մինչև վեց ամսեկանը բացառապես  կրծքի կաթով: Այն էլ հազիվ եմ կտրել կրծքից: Լինելով մանկավարժ և լոգոպեդ՝ գիտեմ մայրական կաթով կերակրման առավելությունները, այդ իսկ պատճառով կրծքով կերակրման ընթացքում  նորից չեմ հղիացել, որպեսզի երեխաս չզրկվի մայրական կաթից, քանի որ գիտեմ՝ հղիության ընթացքում մայրական կաթը դառնանում է: Խորհուրդ եմ  տալիս բոլոր մայրերին և նոր մայրանալ պատրաստվողներին, ովքեր կասկածում են՝ կերակրե՞լ կրծքով: Մի՛ զրկեք ձեզ և ձեր երեխային այդ հաճույքից, քանի որ այդ ընթացքում հուզական  մեծ կապ է ստեղծվում մոր և երեխայի միջև, ինչը ուրիշ ոչնչով չի փոխարինվի: Կրծքով կերակրվող երեխաները շատ ավելի առողջ են լինում, քանի որ մայրական կաթի միջոցով իմունիտետ են ձեռք բերում: Դրա վառ ապացույցը իմ աղջիկն է: Բացառապես կրծքով սնուցման ընթացքում  նա բացարձակապես չի հիվանդացել, իսկ հետո էլ եթե հիվանդացել է, ապա շատ թեթև և առանց հետևանքների: Բացի այդ արհեստական կերով սնուցվող երեխաները մեծամասամբ փորիկի խնդիր են ունենում: Ինչպես նաև արհեստական սնուցումը ֆինանսական ավելորդ ծախսեր է պահանջում:

Հիշում եմ, թե ինչպես ծննդատանը առաջին անգամ,  երբ երեխային բերեցին, որպեսզի կերակրեմ, միանգամից համարձակորեն մոտեցրեցի կրծքիս: Բուժքույրը զարմացավ՝ հարցնելով,  թե արդյոք առաջին երեխան չէ: Ճշտելով, որ առաջնեկս է  ասաց.- «Թող գոնե ցուցումներ տամ», -բայց չէ՞ որ դա մայրական բնազդ է:

Ինչ խոսք խնդիրներ էլ  շատ եղան այդ ընթացքում: Կաթը շատ էր  և սկզբնական շրջանում  քարանում էին և դրանից ջերմություն էի ունենում, այնուհետև եղավ մի պահ, երբ ճաքեր ունեցա, ինչը շատ էր դժվարեցնում կերակրումը, քանի որ շատ ցավոտ էր: Սակայն այդ ամենը հաղթահարեցի և չդադարեցրեցի կերակրելը, ինչի համար այժմ շատ ուրախ եմ և նույնը խորհուրդ եմ  տալիս մյուսներին:

Անգամ իմ կաթից  կերակրել են  մեկ այլ ծանոթ  երեխայի, ով ծնվել էր յոթ ամսեկանում՝ շատ խնդիրներով և երկար ժամանակ բուժվում էր հիվանդանոցում: Մայրը կաթ շատ քիչ ուներ և հիվանդանոցում ասել էին, որ արհեստական կերի փոխարեն ավելի լավ է մեկ այլ մայրական կաթ գտնեն՝ որպեսզի երեխան ավելի շուտ ապաքինվի: Ես իմ երեխային կերակրելուց բացի՝ իմ կաթից տալիս էի նաև այդ երեխային: Երեխան ապաքինվեց, ինչի համար շատ ուրախ եմ, որ կարողացա նաև ևս մեկ երեխայի օգնել:

Հիշե’ք, որ ամբողջ աշխարհում մայրական կաթի շնորհիվ կրճատվել են մանկական մահացությունների թիվը: