Լուիզա Վարդերեսյան

luiza

Լուիզա Վարդերեսյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի)

Ես իմ բալիկին՝ Էլենին, կերակրել եմ մինչև նրա մեկ տարեկան հինգ ամսականը լրանալը: Ամեն բան մի փոքր բարդ սկսվեց: Ծննդաբերությունը ծանր էր: Երկու օր շարունակ ես չկարողացա տեսնել երեխայիս, բայց գիտեի, որ սոված է ու այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Ես կթում էի կաթը, տալիս մանկաբույժին, որպեսզի երեխաս մայրիկի կաթով սնվի: Ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասել, որ ամեն անգամ երեխայիս գրկելիս ու կերակրելիս միայն հաճույք եմ ստացել: Ճիշտ է չեմ կարող ասել, որ դա իր բարդությունները չունի՝ թեկուզ միայն այն առումով, որ գիշերներն արթուն ես մնում՝   գրեթե աչք չփակելով: Ամեն անգամ, երբ Էլենս կաթիկ էր ուզում, իսկ նա հատկապես գիշերներն էր շատ ուտում, ես մեծ սիրով ու ջերմությամբ էի գրկում ու կերակրում նրան: Չնայած աչքերս փակվում էին, բայց այդ պահերին, երբ տեսնում էի, որ երեխաս ինձնից է սնվում ու մեծանում, մեջս գերբնական մի ուժ էր առաջանում: Դա իրոք Աստծո պարգն է:

Երբ եկավ կրծքից կտրելու ժամանակը բախվեցի լուրջ դժվարության: Այնպիսի զգացողություն ունեի, ասես երեխայիս ինձնից տանում են: Անդադար լաց էի լինում, հատկապես այն պահերին, երբ աղջիկս կաթիկ էր ուզում, սիրտս կտոր-կտոր էր լինում: Ինքս ինձ ասում էի՝ կարո՞ղ է շուտ զրկեցի ինձ ու աղջկաս այդ հաճույքից:

Մեր փորձով համոզվեցի, որ այն երեխաներն, ովքեր կերակրվում են կրծքով ավելի ամուր իմունիտետ են ունենում, ուշ-ուշ են հիվանդանում, իսկ հիվանդանալու դեպքում շատ ավելի թեթև են տանում: Մայրիկի կաթն ազդում է ամեն ինչի վրա՝ սկսած շուտ քայլելուց, մինչև շուտ խոսելը: Էլենս 11 ամսականից քայլել է, 8 ամսականից՝ խոսել:

Խորհուրդս ապագա ու նորաթուխ բոլոր մայրերին՝ եթե կարող եք, ապա կերակրեք Ձեր երեխաներին կրծքով, մի զրկեք Ձեզ ու Ձեր երեխաներին այդ հաճույքից: