Կրիստինա Նիկողոսյան

Կրիստինա Նիկողոսյան (Երևան)

Կրիստինա Նիկողոսյան (Երևան)

Դեռևս հղիության փուլում, ինֆորմացվելով, թե որքան կարևոր է կրծքով սնուցումը բալիկի համար, որոշել էի, որ պետք է անպայման կրծքով կերակրեմ: Ծննդաբերությունս շատ բարդ է ընթացքել, բալիկս կեսարյան հատումով է լույս աշխարհ եկել, թթվածնային քաղց է ունեցել, ծնված օրվանից 6 օր պահել են կյուվեզում: Այդ օրերին սնվել է արհեստական կաթնախառնուրդներով, կրծքիս մոտեցրել են ծննդաբերությունից 6 օր անց միայն ու մեզ հաջողվեց հասնել նպատակին՝ բալիկս սկսեց կրծքով կերակրվել: Բալիկիս 40 օրականը լրանալուն պես սկսվեց ճգնաժամային մի փուլ՝ կրծքիս կաթը չէր բավականացնում երեխայիս, անընդհատ լաց էր լինում, ես էլ այդ մտքից շատ էի տանջվում: Հետո դիմեցի մեր մանկաբույժին, որպեսզի արհեստական կեր նշանակի, քանի որ այլևս հնարավոր չէր, բալիկս անդադար սովածությունից լաց էր լինում: Բժիշկը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ անհնար է համատեղել կրծքով սնուցումն արհեստական սնուցման հետ: Մտամոլոր եկա տուն, սկսեցի նյութեր կարդալ, սոց ցանցում  գտա մի խումբ, որտեղ մայրիկներն ինձ բազմաթիվ խորհուրդենր տվեցին, մասնավորապես՝ անընդհատ երեխային կուրծք տալ: Հետևելով այդ խորհրդին, կաթս սկսեց առատանալ և բալիկս սկսեց կշտանալ: Երեխայիս կրծքով կերակրել եմ մինչև նրա 1.7 տարեկան դառնալը: Կրծքով կերակրման օգնությամբ բալիկս շատ առողջ է, իսկ ինձ հաջողվեց արագ վերադառնալ նախկին կառուցվածքիս: Հրաշք զգացողություններ են, երբ բալիկդ մեծանում է քո գրկում՝ սնվելով քեզնից: Առաջին անգամ, երբ կերակրեցի բալիկիս, այնպիսի զգացողություններ ունեի, կարծես թիթեռնիկներ թռնեին փորիկիս մեջ, իսկ ամեն անգամ կերակրելուց ուղղակի վայելում էի այդ գանձի կլորիկ թուշիկները, պուճուրիկ քիթիկը, ագահաբար կաթը կուլ տալու ձայնը, անմոռանալի ժպիտը, երբ նայում էր ինձ և ժպտալով շնորհակալություն հայտնում: Հենց հիմա էլ, երբ հիշեցի այդ անմոռանալի պահերը, հոնգուր-հոնգուր լաց եմ լինում: