Հայարփի Քեշիշյան

Հայարփի Քեշիշյան (Երևան)

Հայարփի Քեշիշյան (Երևան)

Ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ ու բալիկիս հաղթանակի բերկրանքով։

Իմ առաջին բալիկն է։ Մինչև երեխայիս ծնվելը, շատ մայրիկիներից էի լսել, որ խնդիրներ են առաջացել և, ցավոք, չեն կարողացել կրծքով կերակրել ու արդեն ես էլ մտավախություն ունեի, որ հանկարծ “կաթի խնդիր կունենամ ու չեմ կարողանա կերակրել։

Երբ հիվանդանոցում առաջին անգամ մոտեցրեցի կրծքիս, ու ինքն էլ միանգամից «անցավ գործի», ուրախությանս չափ չկար։ Մտածեցի, որ իզուր էին մտավախություններս, և ամեն բան նորմալ է։ Այդ օրը թե ցերեկը, թե գիշերն առանց խնդիրների կերակրեցի։ Կարծես թե ամեն ինչ հաջող էր ընթանում։ Նույնն էլ հաջորդ օրը ցերեկն էր։ Բայց, ահա, 2րդ օրվա գիշերն իսկական սարսափ գիշեր էր։ Բալիկս անդադար լացում էր, կուրծքս մի քիչ քաշում էր, թողնում ու էլի լացում։ Մտածեցի՝ վերջ, շատ կարճ տևեց ուրախությունս, այլևս կաթ չունեմ, չի կշտանում, այդ պատճառով էլ լացում է։ Ու ընկա խուճապի: Ու այդ գիշեր հիմարաբար խնդրեցի հիվանդանոցի աշխատողին, որ բալիկիս կաթնախառնուրդ տա։ Այդ գիշերը 2 անգամ խեղճ բալիկս կաթնախառնուրդ խմեց։ Հավանաբար գազիկներն էին անհանգստացնում, դրա համար էր լացում, ոչ թե սոված էր։ Երանի կողքիս մի խելացի մարդ լիներ այդ պահին ու ինձ հուշեր դրա մասին։

Հաջորդ օրը ցերեկը նորից ամեն ինչ կարգավորվեց, նորից հանգիստ կրծքով կերակրեցի։

Վերջապես տանն էինք։ Քանի որ դժվարությամբ էի ծծնդաբերել, նստելու հետ խնդիրներ ունեի, ցավեր կային նստատեղիս հատվածում։ Այդ սարսափելի ցավերից նյարդայնանում էի ու չէի կարողանում հանգիստ կերակրել։ Եվ սկսվեցին դաժան օրերը։  Այդ ցավերը մի կողմից, երեխայի լացը մյուս կողմից: Բալիկս անդադար լացում էր, նորմալ չէր բռնում կուրծքս, ու ես դրանից հուսահատվում էի։ Եվ հուսահատության մեջ քանի-քանի անգամ որոշել եմ կաթնախառնուրդ տալ, բայց, ի վերջո, ուշքի էի գալիս ու շարունակում էի կրծքով կերակրել։

Մի կերպ հաղթահարեցինք առաջին ամիսը։

Եկավ 2-րդ ամիսը։ Բալիկս հրաժարվեց         ձախ կուրծքս  ուտել։ Միայն աջ կուրծքն էր բռնում: Ով ինչ խորհուրդ տալիս էր, ով ինչ գիտեր կամ լսել էր, փորձարկում էի, ոչինչ չէր օգնում։ Անգամ մասնագետներին դիմեցի, բայց նրանց խորհուրդներն էլ 1 կամ 2 օր էին օգնում։ Ու այս անգամ նորից հուսահատվեցի՝ մտածելով, որ 1 կրծքի կաթով հաստատ չի կշտանա, իրեն չի բավականացնի։

Օրերով ինձ ու իմ բալիկին տան անդամները չէին տեսնում. սենյակից դուրս չէինք գալիս։ 24 ժամից 23 ժամը ես կերակրում էի։ Արդեն մոռացել էի ինչ բան է քնելը, ինչ բան է սեղանի շուրջ հաց ուտելը։ Իմ հուսահատությունը քիչ էր, դեռ մի բան էլ ամեն կողմից ասում էին՝ 1 կրծքով հաստատ չի կշտանա երեխան, մեղք է, ուտող երեխա է, անպայման կաթնախառնուրդ տուր։ Ու այս անգամ նորից հուսահատության գիրկն ընկած՝ որոշեցի կաթնախառնուրդ տալ։ 30 գրամ փորձնական տվեցի, բայց ամեն գդալից հետո բալիկս զզվելով այն թափում էր բերանից։ Հասկացա, որ չհավանեց կխ-ն։ Ու ես շատ շնորհակալ եմ իմ բալիկին դրա համար։ Եթե հավաներ ու հաճույքով ուտեր, բերանից չթափեր, միգուցե մինչև օրս հիմարորեն կխ էլ տայի համատեղ, կամ, ո’վ իմանա, միայն կխ-ի անցած լինեինք։ Բայց, փառք Աստծո, այդպես չեղավ։ Հանուն բալիկիս շարունակեցի համառորեն կերակրել օր ու գիշեր     ՝  1 կրծքով։ Նորարարական մեթոդներ ու հարմարանքներ էլ չմնաց, որ չփորձարկեի, բայց իզուր էր, բալիկս կրկին նախընտրում էր աջ կուրծքս, հրաժարվում էր ձախից։ Ու չնայած դրան՝ իմ բալիկն ինձնից համառ գտնվելով՝ անդադար ուտում էր ու ուտում՝ շատացնելով իր կաթիկի պաշարը:

Եվ, վերջապես, պոլիկլինիկա հերթական այցից հետո, երբ բժիկն ասաց, որ երեխայի քաշը լրիվ նորմալ է, դեռ մի բան էլ նորմայից ավել է, ես հասկացա, որ բնավ էլ սոված չի մնում իմ բալիկը, իր լացերն ու անհանգստություններն այլ պատճառ ունեն, իսկ անդադար ծծելով՝ ինքն ուղղակի կարգավորում է կաթիկի իր պաշարը։ Այդ օրվանից հասկացա, որ ամենալավ խորհրդատուն ու մասնագետը կրծքով կերակրման ոլորտում իմ բալիկն է։ Այդ օրվանից սկսած դարձա ինքնավստահ, և ինքնավստահությունս բերեց նրան, որ դարձա ավելի հանգիստ, ոչ դյուրագրգիռ, և մինչև 6 ամսականը կերակրեցի բացառապես կրծքի կաթով, ու մինչ օրս էլ կերակրում եմ ըստ պահանջի՝ գումարած 6 ամսականից հավելյալ սնունդը։

Բալիկս 1 տարեկան 1 ամսական և 10 օրական է արդեն, դեռ շարունակում եմ ու կշարունակեմ կրծքով կերակրելը, մինչև բալիկիս ինքնակամ հրաժարվելը։

Հավելեմ նաև այն, որ զուտ այն պատճառով, որ չպակասեցնեմ բալիկիս ցերեկային կերակրումները, հրաժարվեցի 1 տարին լրանալուց հետո անցնել աշխատանքի, ինչպես նախապես խոստացել էի, այլ շարունակել դեռևս մնալ երեխայի խնամքի արձակուրդում՝ չնայած ֆինանսական դժվարություններին։

Պարծենում եմ, որ դեռ շարունակելու եմ կրծքով կերակրելը և արհամարհում եմ այն հորդորները՝ իբր մեղք եմ գիշերները չքնելով ու կերակրելով, և որ արդեն ժամանակն է կրծքից կտրել։

Ես հավատում եմ, որ կրծքով կերակրումը վաղ տարիքում երեխայի առողջության գրավականն է։ Եվ դա մեր փորձից եմ ասում։

Հպարտանում եմ իմ ու բալիկիս հաղթանակներով։ Միասին մենք կարող ենք ամեն ինչ։

Ես շատ եմ սիրում իմ հրաշքին։