Հասմիկ Մինասյան

Հասմիկ Մինասյան (Արարատի մարզ)

Հասմիկ Մինասյան (Արարատի մարզ, ք. Արտաշատ)

Ունեմ երեք բալիկ՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Մեծ աղջիկս շուտով կդառնա 5 տարեկան. շատ հոգատար երեխա է։ Երբ նա ծնվեց ես ու ամուսինս Մոսկվայում էինք բնակվում՝ երկուսով, շատ բարդ էր այդքան  անփորձ ու երիտասարդ հասակիս երեխա պահել ու խնամել, թեպետ ամուսինս ամեն կերպ փորձում էր օգնել ինձ։ Դեռ աղջիկս 10 օրեկան էր ես հիվանդացա, ջերմում էի այն կարգի, որ տեղափոխեցին հիվանդանոց։ Այդ ընթացքում ամուսինս էր աղջկաս խնամում, և ակամայից բալիկս սկսեց սնվել արհեստական կաթով։ Հետո, իհարկե, ես էլ չփորձեցի նորից սովորեցնել կրծքին, քանի որ մտածում էի՝ էլ կուրծք չի բռնի։ Սակայն տարիների ընթացքում հասկացա, որ սխալ է երեխային զրկել կրծքի կաթից, քանի որ մայրական կաթն ուղղակի անփոխարինելի է։

Երկրորդ բալիկիս դեպքում, սակայն, արդեն ավելի հետևողական էի, ու բալիկիս միմիայն կրծքով եմ կերակրել: Վեց ամսականից հետո արդեն համատեղ տալիս էի հատուկ կաշաներ ու մրգեր։ Տղայիս կերակրել եմ կրծքով մինչև 10 ամսեկան, ու կշարունակեի, եթե չլիներ նորից մայրանալուս փաստը։

Իսկ փոքրիկ հրաշքս արդեն 5 ամսեկան է, նրան նույնպես կրծքով եմ կերակրում և կշարունակեմ իհարկե, մինչև մեկ տարեկան (թեպետ միայն մեկ կրծքով եմ  կերակրում):

Ուզում եմ կոչ անել բոլոր այն նորաթուխ մայրիկներին, ովքեր երկմտանքի մեջ են, միանշանակ մի՛ զրկեք ձեր բալիկին առողջ, ուժեղ մեծանալու իրենց հնարավորությունից։ Մայրական կաթն անփոխարինելի է և զերծ է պահում փոքրիկին անընդհատ հիվանդանալու վախերից։ Բացի դրանից, դա  նաև հաճույք է մայրիկի համար, քանի որ այդ րոպեների ընթացքում ավելի ես մտերմանում բալիկիդ հետ, ազատ րոպեներ ես ունենում նրան սիրելու, և բացի այդ, ինքդ էլ կտրվում ես առօրյա հոգսերից և հանգստանում ես։ Մի խոսքով, եթե բնությունը պարգևել է մեզ մայր դառնալու շնորհը, սիրելի մայրիկնե՛ր, եկեք անենք ամեն ինչ, որ այդ կոչումը պատվով կրենք։