Մարգարիտա Աբրահամյան

Մարգարիտա Աբրահամյան (Շիրակի մարզ)

Մարգարիտա Աբրահամյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի)

Ես երեք անչափահաս երեխաների՝ Ժորա, Լաուրա, Եվգենիյա Հովհաննիսյանների մայրիկն եմ: Ամուսնացել եմ դաժան երկրաշարժը վերապրելուց հետո ու փառք եմ տալիս Աստծուն, որ իմ երեխաները դա չեն տեսել: Մենք մեր համեստ ընտանիքով ապրել ենք 90 տոկոսով վթարային տան մեջ, չենք ունեցել նորմալ ապրելու պայմաններ, բայց ես երբեք չեմ ընկճվել, մտածել եմ, որ կգա մի օր ու լավ կլինի: Ավագ երեխաս ծնվեց 2000 թվականին: Շատ վատ պայմաններում էինք ապրում, և ես ուրախանում էի, որ որդիս չի հրաժարվում կուրծք ուտելուց: Լրացուցիչ նորմալ սննդի բացակայության պատճառով նա երկու անգամ լուրջ հիվանդացավ աղիների վարակով, բայց ես միևնույն է շարունակում էի կերակրել նրան կրծքով: Երկու տարի հետո ծնվեց երկրորդ զավակս: Լաուրաս կուրծ է կերել մինչև չորս տարեկան երեք ամսական: Այլ տարբերակ չկար, սպասեցի մինչև ինքնակամ հրաժարվեց: Երկար տարիների ընդմիջումից հետո երրորդ անգամ մայրացա 2013 թվականին: Եվգենիաս հիմա երկու տարեկան ութ ամսական է, կրծքով է կերակրվում. և՛ նա, և՛ ես դեռ միտք չունենք հրաժարվելու դրանից: Որպես երեք երեխաների մայր, ով անցել է բազում դժվարությունների միջով, ես խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց անկախ ամեն ինչից երեխաներին կերակրել կրծքով: