Նարինե Մուրադյան

Նարինե Մուրադյան (Շիրակի մարզ)

Նարինե Մուրադյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի)

Ես, Նարինե Մուրադյանս, ինձ համարում եմ երջանիկ և հաղթող մայր, քանզի ունեմ երկու հրաշք բալիկներ, որոնցից երեք տարեկան Սյուզաննային 16 ամիս կերակրել եմ կրծքով, իսկ վեց ամսեկան փոքրիկ Վիկտորիային ծնվելու պահից կերակրել և կերակրում եմ բացառապես կրծքով։ Կրծքով կերակրումն այն թեման է, որի շուրջ ես միշտ ունեցել և ունեմ նույն միանշանակ կարծիքը՝ դա յուրաքանչյուր մայրիկի կյանքում բացառիկ կարևոր շրջան է՝  յուրահատուկ հնարավորություն իր երեխային պաշտպանելու ցանկացած հիվանդությունից, փոխանցելու նրան առողջ աճի և զարգացման համար՝վիտամինների, հանքանյութերի մի ամբողջ համակարգ։
Ես գտնում եմ, որ ինչքան էլ ժամանակին համաքայլ քայլենք, գիտության առաջընթացին անմասն չմնանք, այնուհանդերձ կան բացառիկ արժեքներ, դարերով ապացուցված բացարձակ ճշմարտություններ, որոնք հերքել կամ անտեսել անհնար է։ Ահա մայրական կաթն էլ բնության բացառիկ պարգև է, բնության հանճարեղ առեղծվածներից, որ մարդկությունը պետք է գնահատի։
Ըստ իս,  ոչ մի աշխատանք, կարիերա, նյութական արժեք, գեղեցիկ կազմվածք պահպանելու ձգտում չպիտի պատճառ հանդիսանան հրաժարվելու կրծքով կերակրումից, քանզի դա լավագույն նվերն է, որ մայրը կարող է տալ երեխային  կյանքի ճիշտ սկիզբ ապահովելու համար։
Սեփական փորձով կարող եմ հավաստել, որ կրծքով կերակրվող երեխան առանձնանում է հասակակիցներից հաստատուն իմունիտետով, հիվանդանում է ավելի հազվադեպ, ունենում է առողջ ատամներ, նրա աճն ու զարգացումն ավելի համաչափ են ընթանում, այդպիսի երեխաները նաև հոգեբանորեն ավելի առողջ են, քանզի ծնվելու պահից զգացել են իրենց ապահովված և պաշտպանված։ Կրծքով կերակրումը յուրահատուկ էմոցիոնալ դաշտ է ստեղծում մոր և երեխայի միջև, դա էմոցիաների, լիցքերի, սիրո փոխանակման պրոցես  է երկու հարազատ մարդկանց միջև, որ ուրիշ կերպ ապահովել, ըստ իս, անհնար է։
Որպես վերջաբան ուզում եմ կոչ անել երիտասարդ մայրիկներին բաց չթողնել իրենց կյանքի կարևորագույն այդ շրջանը, իրենց ողջ սերն ու հոգատարությունը, դրական լիցքերն ու էմոցիաները կաթի միջոցով բալիկին փոխանցելով՝ մեծացնել հոգով և մարմնով առողջ մարդիկ, ուժեղ և ինքնավստահ անհատներ։