Հաղթարշավ

«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն իրականացվում է հինգ ճանապարհով՝ ֆոտոմրցույթ, լայնածավալ լուսաբանում, «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ,  կրծքով կերակրման սենյակների բացում, կրծքով կերակրումը խրախուսող պաստառների տարածում:

Ֆոտոմրցույթը հանրությանը ներկայացնում է կրծքով կերակրումն ընտրող կանանց, նրանց փորձառությունը, կարծիքն ու գնահատականը:

Մարզային և երևանյան լրատվամիջոցների թիրախավորված հրապարակումներն ընդգծում են կրծքով կերակրման կարևորությունը՝ թեման տեղափոխելով հանրային քննարկումների դաշտ:

«Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթը փակ քվեարկությամբ անցկացվող հարցում է: Այն իրականացվում է մարզային և երևանյան ծննդատներում և պոլիկլինիկաներում՝ նպատակ ունենալով բացահայտել բուժհաստատության այն աշխատակիցներին, ովքեր օգնում են անփորձ մայրերին ճիշտ ընտրություն կատարել ու հաղթահարել դժվարություններն ու, ի վերջո, երեխային կերակրել կրծքով:

Կրծքով կերակրման սենյակներ առայժմ կլինեն միայն երկու ծննդատներում՝ երևանյան և մարզային ծննդատներում: Գողտրիկ, լուսավոր, տրամադրող անկյուն, ուր ապագա մայրերը կգտնեն կրծքով կերակրմանն առնչվող տարաբնույթ տեղեկատվություն, իսկ նորատի մայրերը կվայելեն կրծքով կերակրելու բերկրանքը:

Կրծքով կերակրում խրախուսող պաստառների տարածումը ֆոտոմրցույթի տրամաբանական շարունակությունն է: Հաղթողների մասնակցությամբ իրականացված տարբեր ձևաչափերի պաստառները տեղադրվելու են ծննդատներում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում, իսկ մի քանիսն էլ՝ տարբեր քաղաքների գովազդային  ամենատեսանելի վահանակների վրա:

Հաղթարշավի ամփոփումը կլինի Երևանում՝ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվեն կատարված աշխատանքները, կպարգևատրվեն մրցույթների հաղթողները: