Skip to main content

Տասնչորս առասպել կրծքով կերակրման մասին

Առասպել 1: Կրծքով կերակրելը հեշտ է:

Նորածինները ծնվում են իրենց մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Այնուամենայնիվ, շատ մայրեր աջակցության կարիք ունեն կրծքով կերակրումը ճիշտ դիրքով իրականացնելու համար: Կրծքով կերակրումը ժամանակ և փորձառություն է պահանջում, ինչպես մայրերի, այնպես էլ երեխաների համար: Կրծքով կերակրումը նաև ժամանակատար է, ուստի մայրերը տանը և աշխատավայրում աջակցության և ազատության կարիք ունեն:

 

Առասպելը 2: Կրծքով կերակրելը ցավոտ է, իսկ պտուկների ճաքերը՝ անխուսափելի:

Շատ մայրեր անհարմարություն են զգում ծննդից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում, երբ նրանք դեռ սովորում են կրծքով կերակրել: Սակայն ճիշտ դիրքում գտնվող և ճիշտ կերպով կրծքին դրված երեխայի դեպքում պտուկների ճաքերից կարելի է խուսափել: Եթե մայրը կրծքով կերակրելիս խնդիրներ ու դժվարություններ ունի, ինչպիսիք են օրինակ պտուկների ճաքերը, ապա կրծքով կերակրման խորհրդատուի կամ այլ հմուտ մասնագետի աջակցությունը կարող է օգնել հաղթահարել այս խնդիրները:

 

Առասպել 3: Պտուկները պետք է լվանալ ամեն մի կերակրումից առաջ:

Պետք չէ լվանալ պտուկները յուրաքանչյուր կերակրումից առաջ: Երբ երեխաները ծնվում են, նրանց արդեն իսկ հարազատ է իրենց մոր հոտն ու ձայնը: Պտուկները արտադրում են մի նյութ, որի հոտը երեխան զգում է. այն պարունակում է «լավ բակտերիաներ», որոնք օգնում են մանուկներին առողջ իմունային համակարգ ձևավորել:

 

Առասպել 4: Մայրը և պետք է մեկուսանա նորածնից, որպեսզի հանգստանա:

Բժիշկները, բուժքույրերը և մանկաբարձները խրախուսում են «մաշկ մաշկի» մոտեցումը ծնվելուց անմիջապես հետո, որը հայտնի է նաև որպես <<Ագեվազի մեթոդ>> անվանմամբ: Երեխայի հետ անմիջական՝ մաշկը մաշկին շփումը շատ կարևոր է, դա նրանց օգնում է հեշտությամբ գտնել և կցվել կրծքին: Եթե դուք կարող եք դա ապահովել ծննդից հետո մեկ ժամվա ընթացքում, իսկ հետագայում ավելի հաճախ, ապա դա կապահովի կրծքով կերակրման ճիշտ սկիզբը: Եթե մայրը ի վիճակի չէ դա անել, ապա հայրը կամ ընտանիքի այլ անդամը կարող են միջամտել:

 

Առասպել 5: Կրծքով կերակրելիս մայրիկը պետք է միայն պարզ սնվի

Ինչպես բոլորը, կրծքով կերակրող մայրերը նույնպես պետք է հավասարակշռված սննդակարգ ունենան: Ընդհանուր առմամբ, սնվելու սովորույթները փոխելու կարիք չկա: Դեռ արգանդից երեխաները գիտեն իրենց մայրերի սննդի նախասիրությունները: Եթե մայրը նկատում է, որ երեխան կոնկրետ սննդատեսակին տարօրինակ է արձագանքում, ավելի լավ է խորհրդակցել մասնագետի հետ։

 

Առասպել 6: Մարզումները կազդեն ձեր կրծքի կաթի համի վրա:

Մարզումները առողջության գրավական են կրծքով կերակրող մայրերի համար նույնպես: Ապացույց չկա, որ դա ազդում է կաթի համի վրա:

 

Առասպել 7: Եթե անմիջապես չսկսել կրծքով կերակրումը, հետո արդեն ուշ կլինի:

Երեխայի ծնվելուց մեկ ժամ հետո ավելի հեշտ է սկսել կրծքով կերակրումը, քանի որ երեխայի ռեֆլեքսները այդ ժամանակ շատ ուժեղ են: Նրանք պատրաստ են կրծքով սնվել սովորել: Եթե դուք չեք կարող երեխային ծննդից անմիջապես հոտ կրծքին դնել, ապա դա հարկավոր է անել հնարավորինս շուտ՝ ձեր իրավիճակին համապատասխան: Եթե դուք երեխային կրծքին դնելու համար աջակցության կարիք ունեք, կրծքի կերակրման խորհրդատուի կամ այլ հմուտ մասնագետի դիմեք: Հաճախակի մաշկը մաշկին շփումը և ձեր երեխային կրծքին դնելը կնպաստի կրծքով կերակրելու գործընթացին:

 

Առասպել 8: Եթե ցանկանում եք կրծքով կերակրել, երբեք չեք կարող կաթնախառնուրդ օգտագործել

Մայրերը կարող են որոշել, որ երբեմն պետք է կաթնախառնուրդ օգտագործել՝ շարունակելով կրծքով կերակրելը: Կարևոր է կաթնախառնուրդների և կրծքի կաթի այլ փոխարինիչների մասին անկողմնակալ տեղեկություններ ունենալը: Կաթնարտադրությունը շարունակելու համար երեխային հնարավորինս հաճախ կուրծք առաջարկեք: Կարող է օգնել նաև մասնագետի աջակցությամբ կրծքով կերակրումը շարունակելու գործող ծրագիր մշակելը:

 

Առասպել 9: Շատ մայրեր բավարար քանակությամբ կաթ չունեն:

Գրեթե բոլոր մայրերը իրենց մանուկներին բավարար քանակությամբ կաթ ունեն: Կաթի քանակը կախված է նրանից, թե երեխան ինչ դիրքով է կերակրվում, որքան հաճախ և ինչպես է կերկրումը ավարտվում ամեն անգամ: Կրծքով կերակրումը մեկ կնոջ գործ չէ, և մայրերին աջակցություն է պետք՝ բուժաշխատողների հետևողական և շարունակական աջակցություն, օգնություն տանը և առողջություն՝ անհրաժեշտ քանակի սնունդ և հեղուկ ընդունելու միջոցով:

 

Առասպել 10: Հիվանդ ժամանակ կրծքով կերակրել չի կարելի:

Կախված հիվանդությունից՝ մայրերը սովորաբար կարող են կրծքով կերակրել, երբ հիվանդ են: Դուք պետք է համոզված լինեք, որ ստանում եք ճիշտ բուժում, հանգստանում եք և լավ եք սնվում: Շատ դեպքերում այդ հիվանդության բուժման ընթացքում օրգանիզմում ստեղծված հակամարմինները փոխանցվում են ձեր երեխային՝ կառուցելով նրա անձնական պաշտպանությունը:

 

Առասպել 11: Դուք չեք կարող դեղորայք օգտագործել կրծքով կերակրելու ընթացքում:

Կարևոր է տեղեկացնել ձեր բժշկին, որ դուք կրծքով եք կերակրում և ուշադրությամբ կարդալ բոլոր դեղամիջոցների ցուցումները: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի դեղորայք ընդունել կոնկրետ ժամանակահատվածում կամ կոնկրետ դեղաչափով կամ էլ այլընտրանքային տարբերակ ընտրել: Անհրաժեշտ է նաև տեղեկացնել երեխայի մանկաբույժին, թե ինչ դեղամիջոցներ եք դուք ընդունում:

 

Առասպել 12: Կրծքով սնուցված բալիկները կառչուն են:

Բոլոր երեխաները տարբեր են: Ոմանք կառչուն են, ոմանք՝ ոչ, անկախ նրանից, թե ինչպես են սնվում: Կրծքով կերակրումը ոչ միայն նորածինների լավագույն սնունդն է, այլև կարևոր է նրանց ուղեղի զարգացման համար: Կրծքով կերակրվող երեխաները շատ ժամանակ են գտնվում մոր գրկում, ինչն էլ մոր և երեխայի միջև հատուկ կապ է ստեղծում:

 

Առասպել 13: Կրծքով կերակրելը դժվար է ընդհատել, եթե երեխան կերակրվել է ավելի քան մեկ տարի:

Որևէ ապացույց չկա, որ մեկ տարուց հետո կրծքով կերակրելը դժվար է դադարեցնել, սակայն կա ապացույց, որ մինչև երկու տարի կրծքով կերակրումը շահավետ է թե՛ մայրերի և թե՛ երեխաների համար: Բոլոր մայրերը և երեխաները տարբեր են, և պետք է միասին որոշել, թե որքան ժամանակ շարունակել կրծքով կերակրել:

 

Առասպել 14: Եթե դուք վերադառնում եք աշխատանքի, ապա պետք է հրաժարվել կրծքի կաթից:

Շատ մայրեր շարունակում են կրծքով կերակրել անգամ աշխատանքի վերադառնալուց հետո: Առաջինը կարդացե՛ք ձեր երկրի և աշխատավայրում ընդունված կանոններն ու քաղաքականությունը: Եթե դուք աշխատանքային ժամերին հավելյալ ժամանակի և հատուկ տարածքի իրավունք ունեք, ապա կարող եք վերադառնալ տուն և կերակրել ձեր բալիկին կամ կարող եք ձեր տան անդամներից մեկին կամ բարեկամին խնդրել բալիկին բերել ձեզ մոտ կերակրելու համար կամ էլ նրա միջոցով տուն հասցնել թարմ կթված կաթը: Եթե դուք ոչ մի տարբերակ չունեք կրծքով կերակրել աշխատանքային ժամերին, ապա կթեք կաթը օրվա ընթացքում և կրծքի կաթով կերակրե՛ք երեխային, երբ տանն եք: Եթե որոշեք որոշ կերակրումներ փոխարինել կաթնախառնուրդով, ապա լավ կլինի դեռ երեխայի հետ լինելու ժամանակ շարունակել նաև կրծքով կերակրել:

 

Այս հոդվածը մշակվել է Միջազգային կրծքով կերակրման խորհրդատվական ասոցիացիայի մասնագետ, բժիշկուհի Միշել Գրիզուոլդի հետ համատեղ: 

Երեխայի անվտանգությունը