Skip to main content

Ինչպես աջակցել մայրիկներին կրծքով կերակրելու գործում

Բազմաթիվ գործոններ նպաստում են կրծքով կերակրման համար դրական միջավայրի ստեղծմանը։ Ազգային մակարդակում՝ կենսական նշանակություն ունեն քաղաքականությունները, որոնք երաշխավորում են հղիության և ծննդաբերության արձակուրդը եւ աշխատավայրում կրծքով կերակրելու իրավունքը, ինչպես նաև այն սահմանափակումները, որոնք կիրառվում են կրծքի կաթի փոխարինիչների շուկայահանման նկատմամբ։ Առողջապահական հաստատություններում մայրերը կարիք ունեն ստանալու տեղեկություններ եւ աջակցություն, որպեսզի ծննդաբերությունից անմիջապես հետո եւ հաջորդող շրջանակում նորածին կերակրեն կրծքով։ Դրական սոցիալական նորմերը, որոնք սատարում ու խրախուսում են կրծքով կերակրումը, ներառյալ՝ հանրային վայրերում, օգնում են զորացնել մայրերին՝ կրծքով կերակրման նպատակով։ Համայնքներում առանցքային դեր է խաղում աջակցությունը վերապատրաստված խորհրդատուներից ու տարեկիցներից, ներառյալ՝ այլ մայրերից ու ընտանիքի անդամներից։ Տղամարդկանց, ամուսինների ու զուգընկերների աջակցությունը հնարավոր չէ թերագնահատել։

Ծրագրային միջամտություններն ամենաարդյունավետն են այն ժամանակ, երբ դրանք իրականացվում են կոմբինացված, այլ ոչ թե մաս-մաս կամ մեկուսացված ձևով։ Իսկապես, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կրծքով կերակրումը խթանող միջամտությունների համակցված իրականացումը առողջապահական համակարգերի ներսում ու համայնքում կարող է հանգեցնել բացառապես կրծքով կերակրման մակարդակների բարձրացման՝ 2.5 անգամ։

Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Վիետնամը, կառավարությունները հղիության ու ծննդաբերության վեցամսյա վճարովի արձակուրդ երաշխավորող օժանդակ քաղաքականությունների իրականացման միջոցով հաջողությամբ պաշտպանել են կրծքով կերակրումը եւ ընդունել են խիստ օրենքներ, որոնք կարգավորում են կրծքի կաթի փոխարինիչների, շշերի ու ծծակների շուկայահանումն ու վաճառքը։

Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շրի Լանկան ու Թուրքմենստանը, նորածինների համար նպաստավոր պայմաններով այնպիսի հիվանդանոցների առաջմղումը, որոնք համապատասխանում են «Կրծքով հաջող կերակրման 10 քայլերին», ծառայել է որպես կրծքով կերակրման մակարդակի բարձրացման արդյունավետ գործիք։ Թուրքմենստանում կանանց գրեթե 90 տոկոսը եւ Շրի Լանկայում գրեթե բոլոր մայրերը ծննդաբերում են հիվանդանոցներում, որոնք հավաստագրված են որպես նորածինների համար նպաստավոր պայմաններ ունեցող, եւ երկու երկրներն էլ ունեն կրծքով կերակրման գրեթե համընդհանուր ծածկույթ։

Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԱՀԿ-ի կողմից ղեկավարվող ու 20 միջազգային գործակալություններ ընդգրկող գործընկերություն է, ստեղծել է Կրծքով կերակրման գնահատման սանդղակ՝ ներկայացնելու աշխարհում յուրաքանչյուր երկրի արձանագրած ընդհանուր առաջընթացն ըստ քաղաքականությունների մշակման յոթ առանցքային գործողությունների ու կրծքով կերակրման պրակտիկայի։ Գնահատման սանդղակը հասանելի է այստեղ՝ https://www.unicef.org/breastfeeding/։

Կրծքով սնուցում