Skip to main content

Պատրաստվում եք լողափ գնա՞լ. ի՞նչ պետք է իմանալ երեխայի սնունդի մասին

Ի՞նչ պետք է ուտեն կամ խմեն երեխաները ծովափնյա հանգստավայրում:

Մ.Դ.0-2 տարեկան երեխաների համար սննդակարգը և տեսականին պետք է լինի հնարավորինս մոտ սովորականին, հակառակ դեպքում՝ կարող են լինել թունավորման, մարսողության խնդիրներ և կառաջանա տարատեսակ վարակների զարգացման հավանականություն:

2 տարեկանից մեծ երեխաների դեպքում ևս հարկավոր է զգույշ լինել: Եթե սնվում եք դրսում, ապա տվյալ սննդի կետը պետք է լինի վստահելի՝ ունենա նորմալ սանհանգույց, խոհանոցում ապահովված լինեն բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները և այլն: Լողափին ավելի լավ է ուտել Ձեր պատրաստված սնունդը, քան՝ ինչ-որ տեղից գնածը:

Երեխաներին ընդհանրապես պետք չէ տալ հում ծովամթերք: Կարող եք տալ այն, ինչին սովոր է նրա օրգանիզմը, և սկսել փոքր չափաբաժիններից: Նախապես հարկավոր է ճշտել ինչպես է այն պատրաստվել, թարմ է, թե՝ ոչ: Ցանկալի է, որ պատրաստված լինի Ձեր առջև: Եթե երեխան սովոր չէ օրինակ ութոտնուկի, ծովախեցգետնի, ցանկալի չէ դիմել ռիսկի, հատկապես, եթե երեխան դեռ 2-3 տարեկան է: Պետք է հիշել նաև, որ ծովամթերքը, բացի իր օգտակարությունից, կարող է լինել նաև վտանգավոր: Որոշ ձկնատեսակներ օրինակ իրենց մեջ պարունակում են սնդիկ, ինչը փոքր մարմնի զանգվածով երեխայի համար կարող է թունավորման պատճառ դառնալ:

Ամենաքիչը որքա՞ն ջուր պետք է խմի օրական երեխան: Արդյո՞ք քանակը կախված է երեխայի տարիքից:

Մ.Դ.Մաքուր ջուր վերցնելը լողափ պարտադիր է. ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով հարկավոր է վերցնել առնվազն մեկ շիշ 500 մլ տարողությամբ մաքուր ջուր և երեխաներին անընդհատ հիշեցնել խմել ջուր արևի տակ գտնվելու ընթացքում:

Արդյո՞ք մինչև մեկ տարեկան երեխային նույնիսկ ծովի արևի տակ անհրաժեշտ է խմել վիտամին Դ:

Մ.Դ.Վիտամին Դ տալիս ենք կյանքի առաջին իսկ օրերից, անդադար, առանց սեզոնային ընդհատումների, նույնսիկ եթե երեխան արևի տակ է լինում, նույնիսկ եթե կաթնախառնուրդ է ուտում: Դոզան կազմում է օրը մեկ կաթիլ, որը պետք է տալ երեխային նույնիսկ ծովում, նույնիսկ արևի տակ:

Ի՞նչ նշաններից կարող է ծնողը հասկանալ, որ երեխան թունավորվել է:

Մ.Դ. – Սնվելուց հետո առաջացած փսխումները, փորլուծությունը, ջերմության բարձրացումը, ախորժակի կորուստը, սննդից և հեղուկներից հրաժարվելը կարող են հուշել, որ երեխան թունավորվել է, և հարկավոր է բժշկի դիմել: Նման դեպքերում կօգնեն մինչև մեկնելը գնված առողջապահական ապահովագրությունները, որոնք բավական մատչելի են, թույլ են տալիս ապահով լինել օտար երկրում և հետագայում հետ ստանալ բուժօգնության վրա ծախսված գումարները:

Լավ ժամանց ենք մաղթում ու չմոռանաք ձեզ հետ վերցնել թեթև քաշ ունեցող սառեցնող պարկ, սառույց, մի քանի շիշ ջուր, առողջ խորտիկներ՝ մրգեր, բանջարեղեն, պանրով բրդուճներ և այլն, որոնք չեն փչանա և որոնք կարելի է ուտել առանց սառեցնելու:

Կարդացե՛ք նաև երեխաների հետ ծով մեկնելու նրբությունների մասին մեր մյուս հոդվածն այստեղ

Հավելյալ սնուցում