Skip to main content
13:30 PM 6 August 2019

Կրծքով կերակրման վիճակագրությունն աշխարհում ու Հայաստանում

Հայաստանի հանրապետական ծննդատանը նոր ծնված փոքրիկն անմիջապես կրծքով է կերակրվում: Հայաստանում երեխաների միայն 36%-ին են ծնվելու առաջին մեկ ժամվա ընթացքում դնում մոր կրծքին: Սա ցածր է աշխարհի 44% միջին ցուցանիշից:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կրծքով կերակրումը պետք է սկսվի երեխայի ծնվելու առաջին ժամվա ընթացքում, լինի բացառապես միակ սնունդը մինչև երեխայի վեց ամսականը և հավելյալ սննդի հետ շարունակվի մինչև երեխայի 2 տարեկանը:

Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45%-ը, ինչը գերազանցում է թե՛ աշխարհի և թե՛ տարածաշրջանի միջին ցուցանիշը:

Տարածաշրջանի միջին ցուցանիշը բավականին ցածր է ստացվել Ադրբեջանի պատճառով, որովհետև երկրում մինչև վեց ամսական երեխաների միայն 12%-ն է բացառապես կրծքով կերակրվում: Իսկ, օրինակ, հարևան Վրաստանում երեխաների ավելի շատ՝ 55%-ն է բացառապես կրծքով կերակրվում:

Հայաստանում կրծքով կերակրման միջին տևողությունը մեկ տարի է: Այնուամենայնիվ, Հայաստանում երեխաների միայն 36%-ն է շարունակում կրծքով կերակրվել մինչև 1 տարեկանը: Սա ցածր ցուցանիշ է` թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի միջին ցուցանիշների համեմատ:

Աշխարհում միջինը երեխաների 71%-ը, իսկ տարածաշրջանում երեխաների 67%-ը մինչև մեկ տարեկան շարունակում են կրծքով կերակրվել:

Աշխարհում միջինը երեխաների 45%-ը, իսկ Հայաստանում երեխաների կրկնակի քիչ՝ 22%-ն են մինչև երկու տարեկանը շարունակում կրծքով կերակրվել:

Հայաստանի դիրքը կրծքով կերակրման մակարդակը ցուցադրող քարտեզում կարող եք տեսնել այս հղմամբ:

Այլ նորություններ